Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Ես նույնպես կցանկանայի շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Ներկայիս՝ արտահերթ նախագահության ընթացքում Բելառուսը շարունակել է իր կարևոր ներդրումն ունենալ մեր Համագործակցության ամրապնդման գործում:
Այսօրվա նիստի օրակարգի հարցերից ցանկանում եմ հատկապես առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձը: Քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմների արյունալի դասերը, ինչպես և մեր ժողովուրդների հերոսության դասերը, պետք է տպավորվեն ապագա սերունդների հիշողության մեջ: Այդ առիթով նախատեսված միջոցառումները պետք է ընդգծեն մեր երկրների համար այնպիսի հարցերի առաջնահերթությունը, ինչպիսիք են հակադարձումը պատմության ռևիզիոնիզմի և նացիզմի հերոսացման փորձերին, ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը, երիտասարդության դաստիարակությունը հանդուրժողականության, ազգամիջյան և միջդավանական համերաշխության ոգով:
Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական և էթնիկ անհանդուրժողականությունը: Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:
Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսևորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արևելքի քրիստոնեական, եզդիական և այլ համայնքները, չեն կարող արդարացվել և չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաև՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը:
Աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության և կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը և հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Մեզ համար կարևոր առաջնահերթությունը, անշուշտ, մնում է համագործակցությունը ռազմական ոլորտում, իրավապահ մարմինների և սահմանապահ գերատեսչությունների գծով, թմրանյութերի տարածմանը, թրաֆիքինգին և անօրինական միգրացիային հակազդեցության ոլորտում, ֆինանսական հետախուզության բնագավառում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք ունեն իրականացնելու ճյուղային համագործակցության համապատասխան մարմինները, որոնց գործունեությունը պետք է ուղղվի որոշակի խնդիրների լուծմանը և շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: Հենց այդպիսի տրամադրվածությամբ է Հայաստանն ընթացիկ տարում անցկացրել Համագործակցության մարմինների մոտ 10 նիստ:
Հաջորդ տարի նախատեսվում է Վորոնեժն ու Կուլյաբը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», իսկ տարին՝ կրթության տարի: Հուսով ենք, որ այդ որոշումների իրագործումը նպաստելու է մեր ընդհանուր հումանիտար տարածքում կապերի ամրապնդմանը, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում շփումների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների ընդլայնմանը: Այդ նախագծերն ամբողջապես համահունչ են Հայաստանում բարձրորակ կրթության ապահովման և գիտելիքահենք տնտեսության ստեղծման ուղղությամբ մեր քաղաքականությանը: Այդ ոլորտները մեր երկրում հռչակված են պետական առաջնահերթություն: Մի քանի օրից Դիլիջանում կբացվի Համագործակցության տարածքում առաջին դպրոց-պանսիոնը, որը մտնում է Համաշխարհային միացյալ քոլեջների կրթական ցանցի մեջ, որտեղ սովորելու համար Հայաստան են ժամանել 96 պատանիներ աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ 14 հոգի ԱՊՀ պետություններից:
Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ հետագա ամրապնդման, ԱՊՀ մասնակից պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ, միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացման օգտին: Համագործակցությունում ապագա նախագահողին՝ Ղազախստանին, 2015 թվականին շատ անելիքներ են սպասվում, և մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելու ղազախ գործընկերներին մեր առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման գործում:
Շնորհակալություն: