Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը կրկին իր հարկի տակ ընդունեց աշխարհասփյուռ մեր գործիչների Հայաստան-Սփյուռք համաժողովը: Այսօր հայրենիքում են հավաքվել հայկական սփյուռքի 150 կազմակերպության շուրջ 700 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Այս դահլիճում հավաքվել են հոգևոր աշխարհի, համահայկական կառույցների, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ դերակատարություն ու հեղինակություն վայելող առանձին անհատներ:
Սրտանց ողջունում եմ բոլորիդ մայր Հայրենիքում: Ինչ դժվարություններով էլ անցնեն, զավակներն ի վերջո միշտ վերադառնում են իրենց ծնողների ընտանեկան հարկի տակ: Եվ այս՝ արդեն հինգերորդ հավաքը ևս մեր ընտանեկան վերամիավորման միջոցառում է:
Վստահ եմ, որ երկօրյա քննարկումների ընթացքում դուք առաջարկել, քննարկել և ընդունել եք համահայկական նոր ծրագրեր, մշակել Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունները, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի կկոչվեն առաջիկայում և կնպաստեն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա զարգացմանը:
Համահայկական հարցերի լուծմանն ուղղված ձեր լայնածավալ աշխատանքներն ու ջանքերը, ձեր հետևողական ու հայրենանվեր մոտեցումը համազգային առաջնահերթությունների հարցում, հայի հնարավորություններն ու ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելու ձեր գործողությունները գնահատված են Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, այս օրերին հնչած որևէ միտք և գաղափար չի վրիպելու մեր ուշադրությունից, այլ ենթարկվելու է մանրազնին վերլուծության սփյուռքի նախարարության և այլ կառույցների մասնագետների կողմից:
Սիրելի՛ գործընկերներ,
Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով:
Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է: Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում:
Այն, իհարկե, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնհայտ են «մերոնք» և «հակառակորդները»: Արտաքին վտանգի դեմ համախմբվելն այդքան էլդժվար գործը չէ: Առօրյա կյանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես, մենք ինքներս ենք: Ուստի և պետք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերությունների, թուլությունների, թափթփվածության դեմ:
Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր և միակ գրավականն ազգային պետությունն է:
Այսօր չկան Հայրենիքը և Սփյուռքն իրարից բաժանող անցյալ դարաշրջանի անջրպետները: Եվ դա ինքնին ազգային համախմբվածությունը խրախուսող հանգամանք է: Սակայն այդ համախմբվածությունը ինքնանպատակ չէ։ Այն անհրաժեշտ միջոց է, որպեսզի մենք հաղթահարենք ինքներս մեր մեջ բացահայտած վատը:
Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել:
Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաև չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում:
Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը: Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Բոլոր դժվարությունների և վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ և ամենահարազատ հենարանը: Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել: Իհարկե՝ ոչ: Ոչ, քանի որ Հայաստանի հզորացումը չենք դարձրել գերխնդիր, չենք դարձրել բոլոր հայկական կառույցների և անհատների հոգածության առարկան:
Հայրենիքի և սփյուռքի գործակցության վեկտորը պետք է ուղղել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հայ ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները շատ ազգերի նախանձն են շարժում, սակայն դրանց չնչին մասն է տրամադրվում հայրենիքի շենացման համար: Ամեն մի հայ պետք է հարց տա իրեն, թե այլ երկրներ և տնտեսություններ շենացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթևացնել նրա հոգսը: Եվ այս հարցում ինչպիսի՞ աշխատանք են տարել մեր հարգանքին ու շնորհակալությանն արժանի հայկական կառույցները:
Սփյուռքը Մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում և խրախուսում ենք Սփյուռքի յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանում: Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է:
Ազատ ու անկախ Հայաստանն իրականություն է: Ուստի կոչ եմ անում ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծմանն ու ապագայի ծրագրերի մշակմանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծումը բոլորիս նպատակն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով:
Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ և արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը:
Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:
Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսուհետ ևս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: 2015 թվականը նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ ևս կփաստենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատակների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան:
Ձեզանից շատերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կազմում: Բոլորիդ նպատակը արդարության վերահաստատումն ու մարդկային բանականության հաղթանակն է խավարի, մարդատյաց գաղափարախոսությունների հանդեպ:
Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում նաև հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում լուրջ անելիքներ ունեն նաև Հայրենիքում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները:
2015 թվականը ոչ թե հայոց պահանջատիրության սահմանագիծն է, այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Նման յուրահատուկ հանգրվան էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից տասնամյակներ անց, խախտելով լռությունը, ամբողջ Սփյուռքն ու Հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման և պաշտոնական ճանաչման պահանջով: Մեծ էր դրանում ժողովրդի պանծալի զավակների՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և, իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի դերակատարությունը: Այս պարագայում ևս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետականությունից զրկված ազգին կարողացավ համախմբել ազգային իղձերն իրականություն դարձնելու նպատակի շուրջ:
Այսօր առողջ բանականությունը ստիպում է թուրք հասարակությանը կասկածի տակ առնել պաշտոնական կեղծ պատմագրությունը և հազարավոր թուրքեր մերժում են սեփական երկրի՝ ցեղասպանության ուրացման պաշտոնական քաղաքականությունը: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ուրացման՝ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քայլ առ քայլ սպառում է իրեն, մտնում փակուղի: Այս զարգացումների հետևանքով թուրք պաշտոնյաները սկսել են որդեգրել նոր վարքագիծ, նոր գործելաձևեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերաձևակերպված տարբերակներ:
Ես քանիցս ընդգծել եմ, որ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ և ճանաչել ու դատապարտել անցյալում կատարված ոճիրը, մաքրել սեփական խիղճը և ազատվել դարավոր բեռից:
Ի դեպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել և ակնկալում եմ ձեր արձագանքը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարածաշրջանային հակամարտությունների հետևանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Փոփոխվում են հայկական սփյուռքի առկա ձևաչափերը. կազմալուծվում են հին համայնքները, ձևավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն:
Սիրիական ճգնաժամի հետևանքով արյունաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում:
Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը:
Այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերը արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը: Այսօր պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում, նրանք մեր երկրի տերն են, նրա մի մասնիկը: Բոլորիս հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան:
Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է աջակցեն նաև նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Հավատում եմ, որ դեռ կգան խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Սիրիայի հայկական համայնքը կվերածնվի և կշարունակի իր ստեղծագործ ուղին՝ ի նպաստ Մայր հայրենիքի և բնակության երկրի զարգացման ու բարգավաճման:
Ցավոք սրտի, տարածաշրջանային հակամարտությունները գնալով ավելանում են, և մեր գերնպատակը պետք է լինի աշխարհի ցանկացած ծայրում փորձության մեջ հայտնված յուրաքանչյուր հայի ցավին ու տառապանքին արձագանքելը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, միասնական ուժերով նրանց օգնելն ու սատարելը:
Մեր միասնության և համախմբվածության շնորհիվ միայն հայության ազգային իղձերը իրականություն կդառնան, և հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ՝ ի չիք դարձնելով բոլոր հակառակորդների, հետադիմական բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները:
Սիրելի՛ բարեկամներ,
Սփյուռքն իր գոյության առաջին օրվանից պայքարել է հայապահպանության համար: Սփյուռքում հայապահպանությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կենսական շահերից: Հայաստանը, ի դեմս Սփյուռքում և Հայաստանում գործող համահայկական կառույցների, պետք է առավել գործուն լինի հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում:
Մայրենի լեզվի իմացությունը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետևաբար, այստեղ հավաքված բոլորիս կարևոր պարտականությունն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոդներն ու ձևերը, երիտասարդությանը դարձնել հայախոս, մայրենիի նկատմամբ ակնածանք և սեր դաստիարակելով: Հայապահպանության գլխավոր կռվաններն են՝ հայոց լեզուն, հայ ընտանիքը և իրական հայրենիքը ճանաչելը:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում ընկած են այս առաջնահերթությունները: Այդ գործակցության սկզբունքը երկուստեք փոխվստահության, միմյանց աջակցելու, համահայկական ընդգրկվածություն ունեցող հարցերում միասնական դիրքորոշում մշակելու մեջ է:
Ուղիղ երեք տարի առաջ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների 4-րդ համաժողովում ես առաջարկեցի հետևյալ բանաձևը. «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի և Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը՝ հայրենիքի համար»:
Եվ կարող ենք արձանագրել, որ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ստանում է համահայկական բնույթ, համազգային ընդգրկում:
Բոլորիս նպատակն է, որ միասնաբար հաջորդ սերունդներին թողնենք զարգացած, ժողովրդավարական, հզոր, խաղաղ ու ապահով Հայաստան:
Ավարտելով խոսքս՝ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և կոչ եմ անում բոլոր հայերին անընդհատ ամրացնել կապը հայրենիքի հետ:
Մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է:
Շնորհակալություն: