Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում Նախագահը Սրբազան Քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ: