Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ջեյսոն Քենիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ և ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված և ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, անկեղծ և հետևողական աշխատանքով նախարար Ջեյսոն Քենին նաև իր ուրույն նպաստն է բերում հայ-կանադական բարեկամության ամրապնդմանը, ինչի համար Նախագահը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին և վստահեցրել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ամրապնդելու Կանադայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-կանադական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որի հիմքում, զրուցակիցների համոզմամբ, նաև երկու ժողովուրդների քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրություններն են:
Ջեյսոն Քենին նշել է, որ իրականացել է իր մեծ ցանկությունը՝ այցելելու Հայաստան, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, այլև ընդհանրապես, բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ մշակույթին և հոգևոր արժեքներին ծանոթանալու, հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն է: Նա ընդգծել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը ևս: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին: