04
07, 2014

Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր


Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:

Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը:

Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:

 

← Վերադառնալ