Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության Նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:
Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:
Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին ևս: