Մամուլի հաղորդագրություններ
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին:
Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար: Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին:
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին: Այնուհետև նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: