08
04, 2014

Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

 

Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն:

***
Հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն


2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:

Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:

Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:

Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:


***

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

 

← Վերադառնալ