01
02, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում են մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման աշխատանքները: Աբովյանի նորաբաց բժշկական կենտրոնն ըստ այդմ միավորել է Աբովյանի հիվանդանոցը և պոլիկլինիկան: Իրականացված վերակառուցման աշխատանքների արդյունքում, որոնք ավարտվել են 2013թ. դեկտեմբերին, կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում տեղակայվել են անհրաժեշտ բոլոր բաժանմունքներն ու ծառայությունները, առողջապահական հաստատությունը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը զեկուցել է, որ Աբովյանի բժշկական կենտրոնի բացումը ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականի, ինչպես նաև առողջապահական համակարգի առջև դրված ռազմավարական խնդիրներից մեկի՝ մարզերում ոլորտի համաչափ զարգացման կատարման ուղղությամբ հերթական քայլն է։ Մարզերի առողջապահական համակարգի զարգացումը, նախարարի հավաստմամբ, մնում է նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը։ Արդեն նորացված մարզային յոթ հիվանդանոցներից բացի, շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման, Ալավերդու, Ճամբարակի, Կապանի և Բերդի հիվանդանոցների արդիականացման աշխատանքները։ Շուտով կսկսվի նաև Վանաձորի 190 մահճակալ հզորությամբ հիվանդանոցի նոր շենքի կառուցումը։

Կոտայքի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման արարողությանը, ծանոթացել տեսչության վարչական շենքում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով:

Պատասխանատուների հավաստմամբ, կատարված աշխատանքների արդյունքում, մարզկենտրոնում տեղակայված տեսչությունը հարկ վճարողների սպասարկման ժամանակակից կենտրոնի միջոցով սպասարկումն իրականացնում է վերջին տարիներին ձևավորված արդի չափանիշներին համապատասխան: Նոր շենքն ապահովված է ՊԵԿ միասնական ցանցին միացված էլեկտրոնային կապուղիներով, ինչը հնարավորություն է տալիս օգտվել «Հարկատու 3» համակարգում առկա տեղեկատվական շտեմարանից, այդ թվում` երրորդ անձանցից ստացված տեղեկություններից:

Նշվել է, որ Հրազդանի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Հրազդանի և Չարենցավանի վարչական տարածքները, որը ներառում է 17 համայնք, այդ թվում` տարածաշրջանի երեք քաղաքները` Հրազդանը, Չարենցավանը և Ծաղկաձորը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է, որ հարկային և մաքսային բարեփոխումների շրջանակներում աշխատանքային պայմանների բարելավման և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով Երևանում և մարզերում շահագործվել են տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր, այդ թվում՝ Հրազդանի և Աշտարակի ՏՀՏ-ների վարչական նոր շենքերը: Առաջիկա մեկ-երկու տարում Կապանում, Իջևանում, Արմավիրում և Մասիսում վարչական նոր շենքերի շահագործմամբ, ըստ ՊԵԿ նախագահի, կավարտվի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագիրը:

 

← Վերադառնալ