28
01, 2014

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

 

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

 


***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին

 

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ձեր առաքելությունն առանձնահատուկ է: Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն և ոչ թե աշխատանք: Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ:

Այսօր այստեղ են թե՛ կադրային սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր, համաժողովրդական ուժ են: Անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում ու նաև վախենում է: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ է պատիվ վիճակվել հանձնել ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, բայց դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են: Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ մարմնավորում եք մեր կարողականությունը և դրսևորում եք մեր ժողովրդի լավագույն որակները: Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն: Շարունակե՛ք ձեր սուրբ գործը, շարունակե՛ք ձեր նախորդների փառավոր ավանդույթները: Շարունակե՛ք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց նաև շարունակեք կատարելագործել ձեր ունակություններն ու հմտությունները:

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր հերոսներին անուն առ անուն: Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին և նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի զինվորի և արժանավոր հայորդու՝ Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը:

Շնորհակալ եմ:

Հարգելի ներկաներ,

Դուք իրավամբ այն մարդիկ եք, Հայաստանի այն քաղաքացիները, ում առաջ պատիվ է հնչեցնել Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, ինչը ես կանեմ ձեր թույլատվությամբ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն:
 

← Վերադառնալ