Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյորը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն կա նաև առևտրատնտեսական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը և դեսպան Քյորը համակարծիք են եղել, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրները էական տարաձայնություններ չունեն և արդյունավետ փոխգործակցում են միջազգային կառույցներում: Այդ ամենը, նրանց համոզմամբ, նաև բարեկամ հայ և կանադացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ համակրանքի, Կանադայի հասարակական-քաղաքական կյանքում իր որոշակի ներդրումն ունեցող կանադահայ համայնքի շնորհիվ է:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու և հայ-կանադական հարաբերություններն առավել ամրապնդելու հնարավորությունները: Այդ գործում Նախագահը մեծապես կարևորել է նորանշանակ դեսպան Ջոն Քյորի դերը և հաջողություններ մաղթել նրան իր պատասխանատու աշխատանքում: