Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Խորհրդակցության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, նախարարի տեղակալները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Արտեմ Ասատրյանը Նախագահին ներկայացրել է 2013թ. նախարարության գործունեության հիմնական արդյունքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել նաև առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը զեկուցել է աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել ժողովրդագրության խնդիրներին և նախարարության գործառույթների շրջանակներում դրանց լուծմանը միտված ծրագրերին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Նախարարի մեկ այլ տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքն ու հետագա աշխատանքները: Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի և բարեգործական ծրագրերի մասին զեկուցել է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, դրա առավելություններն ու արդյունավետությունը, որից հետո աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով:
Ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին, խոսել նաև իրականացվող բարեփոխումների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն և մատչելի ներկայացնելը, ինչը, նրա համոզմամբ, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում: Ըստ Նախագահի, մարդկանց հետ խոսելիս և աշխատանքը ներկայացնելիս հաճախ կարելի է լսել, որ իրենք չգիտեին այդ մասին, ժամանակ չեն ունեցել ընթերցելու, լսելու կամ դիտելու օրեր առաջ արված իրազեկումները: Այդ դեպքում ևս, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու և համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը, նշեն, թե դեպի ուր է այն տանելու մեր երկիրն ու հասարակությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, և իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու: Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված՝ Նախագահն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն և՛ ձեզ, և՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաև այս բարեփոխումը: Սակայն, միևնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ ևս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարևոր է»:
Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են: Ըստ նրա, ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը և հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր և ներդրումներ անել: Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: «Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել ևս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, և այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փոփոխվող տնտեսության կառուցվածքին համահունչ, նախատեսված ծրագրերը մշտապես ունենալու են շարունակական ֆինանսավորում: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նախարարությունը հաստատակամ է լինելու իր կողմից իրականացվող բարեփոխումներում:
Խորհրդակցության ավարտին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Ասատրյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանը, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը:
Մասնավորապես այն հարցին, թե ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում պատերազմ սկսելու վերաբերյալ, մամուլում հրապարակումներ են լինում, որ Ադրբեջանը սպառազինվում է, նույնիսկ գնահատական է տրվել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում մոտ 3 մլրդ դոլարի սպառազինություն է գնել, այդ դեպքում որքանո՞վ են իրատեսական նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքները Ղարաբաղի հարցը ուժի դիրքերից լուծելու առումով, և ի հակակշիռ այդ սպառազինության ի՞նչ է անում մեր պետությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչու՞ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: Բայց ես դեռևս տեսանելի ապագայում չեմ տեսնում ռազմական գործողությունների սկսում, սակայն եթե մեզ պարտադրեն, մենք ստիպված ենք լինելու կռվել: Դուք ասում եք՝ ի՞նչ եք անում: Անում ենք այն, որ Բաքվից ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ թվով 3-4 անգամ ավելի, չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրը կատարել և, փաստորեն, ձախողվում են՝ կրելով ավելի շատ կորուստներ, քան դիրք պահող մեր զինվորները: Սա՝ մեկ: Ուզում եմ ասել, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: Երկրորդ՝ մեր դիրքերի կահավորվածությունը համապատասխանում է այսօրվա իրավիճակին: Եթե ձեզնից որևէ մեկը լինի մեր առաջապահ դիրքերում, կտեսնի, թե մեր հրամանատարները և զինվորները ինչպիսի հմտությամբ են կահավորում իրենց դիրքերը՝ տարբեր թակարդներ լարելով, ահազանգման միջոցներ հնարելով, տարբեր խորամանկություններ կիրառելով: Եթե հիշում եք, երկու տարի առաջ դիվերսիոն գործողության այսպիսի փորձը հաջողություն ունեցավ: Պատահական չէ, որ հիմա ձախողվեց: Այսինքն, դրանից հետո միջոցներ ենք կիրառել՝ մենք մեր հերթին, ավագ հրամանատարներն իրենց հերթին, կրտսեր հրամանատարներն իրենց, բայց որ շատ կարևոր է՝ նաև մեր շարքային զինվորներն իրենց հերթին: Երրորդ՝ մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի: Ասում եմ՝ շատ մեծ պակաս չունի, որովհետև աշխարհում քիչ կան բանակներ, որոնց ղեկավարությունն ամբողջովին բավարարված է եղած զենք-զինամթերքով: Բանակն այն օրգանիզմն է, որ ամեն անգամ պահանջում է նոր զենք, նոր զինամթերք: Սա էլ բնորոշ գիծ է բոլոր բանակների համար: Մենք պատերազմ չենք ուզում, ակնհայտ է, որ չենք ուզում, բայց եթե մեզ պարտադրեն, մենք այլ ճանապարհ չունենք: Մյուս կողմից՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծենք»: