31
12, 2013

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների, Հանրապետության Նախագահը հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրն անվտանգության ապահովումն է ու տարածքային ամբողջականության պահպանումը՝ Նախագահը նշել է, որ սահմանին կանգնած մեր զինվորներն այդ խնդիրը լավագույնս են կատարում. անցնող տարում նրանք կարողացել են անվտանգ պահել մեր սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը. «Ասել է թե՝ դուք մեր պետության հենասյունն եք: Պետությունը ձեզնով է սկսում, հենվում է ձեզ վրա և առաջ է շարժվում: Եվ ես շատ լավ հասկանում եմ զինվորական գործի դժվարությունները, չարչարանքները, պրոբլեմները, բայց ո՞ր աշխատանքում դժվարություն չկա»:

Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորն այն է, որ մեր պետության մեջ յուրաքանչյուրը գիտակցի իր աշխատանքի կարևորությունը՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կատարում. «Ես տեսնում եմ, որ դուք շատ լավ եք գիտակցում ձեր արածի կարևորությունը և ուզում եմ, որպեսզի մեր ողջ զինված ուժերը, մեր ժողովուրդը գիտակցեն, թե ինչպիսի կարևոր բան է սահմանի մի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը: Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, ձեր քույրերին, կանանց, ձեր սիրած աղջիկներին, որ կարողանում են և կարողացել են ձեզ ոգևորել և այնպես անել, որպեսզի մեր սահմանում դուք ամուր կանգնենք, կանգնեք տղամարդու պես, հայ զինվորի պես և այսպես ուրախ, երջանիկ՝ թեև կտրված հարազատ տնից, Նոր տարվա շեմին երգել, նվագել, այսինքն՝ ապրել լիարժեք կյանքով: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք՝ անցնելու են այս ժամանակները, շատերիդ համար մնացել է 6 ամիս, 8 ամիս, 11 ամիս, և դուք վերադառնալու եք տուն ու միշտ ձեզ հպարտ եք զգալու, հպարտ, որովհետև դուք պաշտպանել եք մեր փոքրիկ հայրենիքի անծայրածիր սահմանները, որովհետև ամենափոքր երկիրն էլ ունի անծայրածիր սահմաններ: Դուք՝ կոնկրետ ձեր ջոկը, այստեղ պաշտպանում եք ընդամենը մի քանի հազար մետր, իսկ մենք ունենք գրեթե 1000 կմ սահման, որ այսօր ձեր ընկերները, ձեր հասակակիցները պաշտպանում են՝ պաշտպանում են լավ, պաշտպանում են հայավարի, պաշտպանում են հպարտորեն: Ամեն օր լիարժեք ապրելու հետ զուգահեռ, մենք պետք է կատարելագործենք մեր վարպետությունը, մեր ռազմական վարպետությունը, կոփվենք հոգով, տիրապետենք մեր զենքին, և ոչ մեկը մեզ չի կարող այս սահմաններից կես մետր անգամ հեռու տանել: Բոլորիդ կենացը: Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ: Նախագահը հետաքրքրվել է բնակավայրի խնդիրներով, բնակիչների հետ զրուցել նրանց հետաքրքող հարցերի շուրջ և տոնական սեղանի շուրջ շնորհավորել ծաղկավանցիներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 

← Վերադառնալ