Մամուլի հաղորդագրություններ
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական կապերի հետևողական զարգացման գործում նա իր որոշակի ներդրումը կունենա: Գոհունակությամբ արձանագրելով նախորդ դեսպանի՝ Բրունո Սկապինիի դիվանագիտական առաքելության ժամանակաշրջանում որակական նոր մակարդակի բարձրացված հայ-իտալական հարաբերություններն ու ընդլայնված երկկողմ փոխգործակցության օրակարգը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքի և երկու պետությունների ու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների ամուր հիմքի վրա, նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում, երկկողմ կապերն ավելի կսերտանան:
Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրների շարքում Իտալիան հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իտալիայի հետ Հայաստանի մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային հարուստ անցյալը, կրթական և գիտական մեծ ներուժը:
Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիայի՝ 2014թ. ԵՄ նախագահության շրջանում Արևելյան գործընկերությունը կմնա առաջնահերթությունների շարքում:
Դեսպան Ջովաննի Ռիչուլին վստահեցրել է, որ այդ ընթացքում ևս իր երկիրը կաջակցի Հայաստանին՝ եվրոպական օրակարգի շրջանակներում բարեփոխումների իրականացման ճանապարհին: