02
12, 2013

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են հայ-ռուսական բարձր մակադրակի բանակցություններ

ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է ՌԴ Նախագահ Վլ. Պուտինին Հայաստանում՝ գոհունակությամբ խոսելով հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունների մասին: «Մեր հանդիպումները կրում են պարբերական և հաճախակի բնույթ: Վերջերս մենք միասին մասնակցել ենք ԱՊՀ, Մաքսային միության գագաթնաժողովներին: Մինչ այդ, կարծում եմ, արգասաբեր հանդիպում ունեցանք Սոչիում ՀԱՊԿ խորհրդում: Դրանից առաջ ես եղել եմ Մոսկվայում, որտեղ մենք Ձեզ հետ խոսեցինք մեր ընդհանուր գործերի մասին և Մաքսային միություն մտնելու մեր ցանկության մասին: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ մեր առաջարկությունն ընդունեցիք և Հայաստան Ձեր պետական այցն սկսեցիք հենց Գյումրիից: Այն մեր ամենակոլորիտային, ամենապահպանողական քաղաքն է: Շնորհակալ եմ նաև միջտարածաշրջանային համաժողովին մասնակցության համար, որը մենք բացեցինք: Ձեր մասնակցությունը բոլորվին այլ նշանակություն հաղորդեց միջոցառմանը:

Ես վստահ եմ, որ ՌԴ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի այցն անպայման դրական ազդեցություն կունենա ռուսական ռազմակայանի մարտական պատրաստության վրա, որի համակազմը մեր միջպետական պայմանագրերի համաձայն հանդիսանում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղկացուցիչը:

Վլադիմի՛ր Վլադիմիրի, ես ցանկանում եմ մի փոքր առաջ անցնել և շնորհակալություն հայտնել այն պայմանագրերի համար, որոնք մենք կստորագրենք և, որոնք հանում են անցումային շրջանի զգայուն պահերը: Այն թույլ կտա նորմալ զարգանալ հայաստանյան տնտեսությանը: Շատ շնորհակալություն: Բարի գալուստ: Մենք արդեն քննարկել ենք մի ամբողջ շարք հարցեր, բայց կարծում եմ դեռ շատ բան ունենք անելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ Նախագահը փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի համար, նշել, որ արդեն երրորդ անգամն է այցելում Հայաստան և խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ու դրանց հեռանկարի մասին: «Թերևս, անհրաժեշտություն չկա ասելու, որ Ռուսաստանը և Հայաստանը միավորում են առանձնահատուկ հարաբերություններ: Այն ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը: Ես նկատի ունեմ մեր փոխգործակցության պատմական արմատները: Հենց նոր Դուք հիշատակեցիք Գյումրիում մեր ռազմակայանի մասին: Ես շատ կուզենայի (մենք շատ ենք դրա մասին խոսել և՛ Գյումրիում այսօրվա հանդիպումների ընթացքում, և՛ անմիջական շփումների ժամանակ ավտոմեքենայում ու ինքնաթիռում), մենք բոլորս շատ կցանկանայինք, որպեսզի տարածաշրջանի խնդիրները լուծեինք ոչ թե զենքի ուժով, այլ դիվանագիտության, բոլոր երկրների համար ընդունելի պայմանավորվածությունների օգնությամբ: Մեզ քիչ խնդիրներ չեն հասել անցյալից, բայց կարծում եմ, որ որքան էլ դրանք բարդ լինեն, մենք պետք է առաջնորդվենք մարդկանց շահերով, առաջին հերթին՝ ամենահասարակ մարդկանց, ովքեր բառի ուղիղ և փոխաբերական իմաստով աշխատում են հողի վրա: Եթե մենք դրանով առաջնորդվենք, լուծում միշտ կկարողանանք գտնել:

Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում: Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք մտնելու Ձեր որոշումը մեզ հնարավորություն է տվել նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր այսօր ստորագրելու նպատակով, և Դուք այսօր դրանք զգայուն որակեցիք Հայաստանի տնտեսության համար: Ես ուզում եմ ասել, որ դա մեր բարի կամքը չէ՝ մեր ընդհանուր պայմանավորվածություններն են: Նկատի ունեմ, որ մենք շարժվում ենք դեպի համատեղ տնտեսական տարածք, և հենց դա է Ռուսաստանի համար շարժառիթ հանդիսանում ընդունելու այն որոշումները, որոնց մասին Դուք ասացիք, քանի որ դա միշտ էլ պայմանավորվածությունների և փոխզիջումների հարց է: Մենք հասկանում ենք տնտեսության վիճակը, հասկանում ենք, որ միանալով Մաքսային միությանը՝ Հայաստանը պետք է վստահություն զգա իր սեփական ուժերի նկատմամբ: Պետք է ստեղծել «անվտանգության անհրաժեշտ բարձիկ» Հայաստանի տնտեսության համար, և մեր այսօրվա պայմանավորվածությունները, որոնք նախապատրաստված են, որոնք պետք է ստորագրվեն, հենց դրան են նվիրված»,-ՀՀ Նախագահի հետ նեղ կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Նախագահը:

Երկկողմ բանակցությունների արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ