Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:
Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
***
Լրացուցիչ տեղեկություններ
1995թ. Ռուսաստանի Դաշնության պետական դուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, որտեղ նշված է. «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դուման
- հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին,
- հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին,
- պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին,
- ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,
- նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով,
- դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,
- իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
2001թ. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ իր պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում թողել բարձրաստիճան հյուրերի գրառումների մատյանում, որտեղ ասված է. «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը միշտ ընդունել է որպես սեփականը: Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Վլադիմիր Պուտին»: