22
11, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Մշակույթի նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցների վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն մշակույթի նախարարության գործունեությանը, այլ նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, Նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»:

Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, Նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է Նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է Նախագահը:

Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
 

← Վերադառնալ