Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանին պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, պետական, քաղաքական և հասարակական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:
Նախագահի նստավայրում այսօր Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքի անդամների, գործընկերների, կուսակցական ընկերների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ականավոր գործչին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք, բարօրություն և արևշատություն՝ նրա ընտանիքին, ապա իր խոսքում անդրադարձել է Վլադիմիր Մովսիսյանի կյանքին ու հայրենանվեր գործունեությանը: «Երկար կարելի է խոսել Վլադիմիր Մովսիսյանի կյանքի անցած ուղու մասին: Կարելի է թվարկել նրա զբաղեցրած բազմաթիվ պաշտոնները և այդ ընթացքում Հայաստանում արձանագրված հաջողությունները: Բայց իմ կարծիքով, Վլադիմիր Մովսիսյանին կարելի է կարճ բնութագրել որպես «մարդ-դարաշրջան»: Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Մովսիսյանն այն մարդկանցից մեկն է, ով ներկայացնում ու խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության կարևոր ձեռքբերումների դարաշրջանը»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Մովսիսյանի և նրա բազմաթիվ գործընկերների ակտիվ մասնակցությամբ խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծված հարուստ ժառանգությունը, ընդգծելով, որ առանց այդ ծանրակշիռ տնտեսական, գիտական, հոգևոր ու մշակութային հենքի, հնարավոր չէր լինի կերտել Հայաստանի անկախությունը: Նախագահը նշել է, որ Վլադիմիր Մովսիսյանն իր աննկուն աշխատանքով եղել է այդ անկախությունը կերտողներից մեկը: «Դուք բոլոր պայմաններում ձգտել եք Ձեր ներդրումն ունենալ հզոր և ինքնուրույն Հայաստանի կերտման գործում: Միայն ուժեղ Հայաստանը կարող է ստիպել ուրիշներին՝ իր հետ հաշվի նստել, միայն ուժեղ Հայաստանի հետ հաշվի կնստեն նրա հեռու և մոտիկ, բարյացակամ և անբարյացակամ հարևանները: Հենց այդ լուրջ գիտակցմամբ էր, որ Դուք անկախ Հայաստանի կերտման անցած 22 տարիներին Ձեր փորձառությունը, գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը ներդրել եք և այժմ էլ շարունակում եք ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօր արդեն Սևանի հարցերով հանձնաժողովում Ձեր կատարած հսկայական աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը և մաղթել, որպեսզի պետական ականավոր գործիչը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը, քանզի նա պետք է մեր երկրին ու ժողովրդին:
Վլադիմիր Մովսիսյանն իր շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել պետական բարձր պարգևի՝ Պատվո շքանշանի արժանանալն ու իր ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների, զինակիցների ներկայությամբ այն Հանրապետության Նախագահից ստանալը: «Ես մեկ-մեկ, ինչպես բանաստեղծն էր ասում՝ խղճիս հետ զրույց եմ անում, 80 տարիների բարձունքից հետ նայելով վերլուծում եմ իմ անցած ճանապարհը, գնահատում արածն ու չարածը և սթափ գնահատելով, եզրակացություններ եմ անում: Այն, ինչ ես արել եմ, արել եմ ձեր օգնությամբ, մեր ժողովրդի օգնությամբ, մեր հանրապետության իմ գործընկերների, բոլոր օղակների և զինակիցների օգնությամբ»,-ասել է շքանշանակիր հոբելյարը: Նա նշել է, թե իր համար չափազանց հաճելի է լսել Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ստեղծված և նորանկախ Հայաստանի համար կարևոր հիմք հանդիսացած, հիրավի, ծանրակշիռ արժեքների մասին ՀՀ Նախագահի գնահատականը, որը խոսում է երկու հասարակարգերի միջև ամուր կամուրջ ստեղծելու մասին: Դա, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին մեծ խթան կհանդիսանա:
Վլադիմիր Մովսիսյանը համառոտ անդրադարձել է իր կյանքին և գործունեությանը, թվարկել իր հաջողություններն ու ձեռքբերումները, ընդգծելով, որ այդ ամենին մշտապես շատ հանգիստ է վերաբերել: «Երբ ինձ հաջողվել է մի բան անել՝ երբևիցե ժամանակից շուտ չեմ հրապուրվել: Եթե մի բան էլ չի հաջողվել, ժամանակից շուտ չեմ հիասթափվել, այլ՝ համառությամբ սպասել եմ ժամանակին, որ նորից ու նորից կարողանամ իմ ծառայությունները բերել իմ երկրին ու ժողովրդին»,-ասել է պետական գործիչը և վստահեցրել Հանրապետության Նախագահին ու պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա իր գործընկերներին ու ընկերներին, որ տրամադրված է մարտականորեն և հետայսու էլ շարունակելու է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը, որի առջև այսօր էլ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է հաղթահարել միասնական ջանքերով: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործընկերների ու ավագ սերնդի ընկերների հետ շարունակել իրենց գիտելիքներն ու ծառայություններն ի սպաս դնել մեր պետականության ամրապնդմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
«Ես կանգուն մարդ եմ, տեսել եմ և՛ վշտի տառապանքը, և՛ հաջողությունների բերկրանքը, ամեն ինչ տեսել եմ: Եվ բոլորիցդ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք երբևիցե ինձ իմ ներքին աշխարհի հետ մենակ չեք թողել՝ եղել եք իմ կողքին և ինձ միշտ քաջալերել եք, ու ես կարողացել եմ կանգուն մնալ: Կանգուն մնալը բոլորիս պարտականությունն է: Ես այսօր էլ շարունակում եմ իմ գործունեությունը հանգիստ խղճով և մաքուր ձեռքերով»,-ասել է Վլադիմիր Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև ընտանիքի անդամներին, ովքեր իր ամբողջ գործունեության ընթացքում հնարավորություն են ընձեռնել իրեն ավելի արդյունավետորեն լծվել գործին: