09
11, 2013

Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ: Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները:

Ըստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է:

 

← Վերադառնալ