01
11, 2013

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն և շահագրգիռ է Չիլիի հետ ևս ակտիվացնել փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը և Չիլին միմյանց հետ քաղաքական որևէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:

Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը: Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել:

Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենին՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների դիվանագիտական առաքելությունն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:

 

← Վերադառնալ