Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:
Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խորհրդարանների միջև կառուցողական և սերտ համագործակցության զարգացմանն զգալիորեն նպաստում է նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի աշխատանքը:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև գոյություն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, երկու երկրները սերտորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ, ինչը լավ հիմք է զարգացնելու հարաբերությունները նաև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Կողմերի համոզմամբ, դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական ջերմ բարեկամական հարաբերությունները, սերտ մշակութային կապերը պահպանվում և ամրապնդվում են նաև Հնդկաստանի հայ համայնքի շնորհիվ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի, հայկական եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և հոգատար վերաբերմունքի համար:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և զարգացման զգալի ներուժ ունեցող մի շարք ոլորտներում՝ ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ, համագործակցության խորացման հնարավորությունները, ինչն իր հերթին կխրախուսի երկու երկրների տնտեսություններում փոխադարձ ներդրումները:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի պատվիրակության անդամներին ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երեկ տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային պատահարի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատաներին հայտնել իր զորակցությունը:
Պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին անկեղծ ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հնդկաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: