Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող «Իրավական կարգավորման կատարելագործման արդի հիմնախնդիրները. ազգային և միջազգային իրավական ասպեկտները» միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտագործնական այդ միջոցառմանը մասնակցում են «Իրավաբանների միջազգային միության» և «Գերմանիայի դաշնային գերագույն դատարանի դատավորների և դատախազների ընկերակցության» պատվիրակությունները, որոնց կազմում ընդգրկված են վաստակավոր իրավաբաններ, ակադեմիկոսներ, դատավորներ և դատախազներ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և հանդիպման սկզբում նախ շնորհավորել ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ ֆակուլտետի 80-ամյակի առթիվ, մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բազմամյա հարուստ ավանդույթներ ունեցող իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը մեր պետության զարգացման և կայացման գործում, նշելով, որ անցած տասնամյակների ընթացքում ֆակուլտետը հաջողությամբ իրականացրել է իր առաքելությունը՝ պատրաստել որակյալ մասնագետներ հանրապետության իրավապահպան մարմինների և տարբեր պետական կառույցների համար:
Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է մասնագիտական որակյալ կրթությունը, որը, նրա համոզմամբ, կարող է ապահովել բարձր իրավագիտակցություն, ինչի հետ անմիջականորեն կապված է պետական կառավարման արդյունավետությունն ու զարգացումը:
ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը Նախագահին ներկայացրել է ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում անցկացվող գիտաժողովի աշխատանքների ընթացքը, այլ երկրների գործընկերների հետ ֆակուլտետի համագործակցության արդյունքները, իսկ հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամները Հանրապետության Նախագահին ներկայացրել են դատաիրավական համակարգի գործունեության իրենց երկրների փորձը, ընդհանրական խնդիրներն ու ձեռքբերումները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում տեղի ունեցող Սահմանադրական զարգացումներին, դատական բարեփոխումներին, իրավական դաստիարակության և կրթության հիմնախնդիրներին: