03
09, 2013

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների և, իհարկե, ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցված են մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: Ես վստահ եմ, որ այսուհետ ևս այդ հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման հունով՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի համաձայն: Համոզված եմ, որ հայերի և ռուսաստանցիների յուրաքանչյուր սերունդ իր ավանդը պետք է ներդնի այդ հարաբերությունների պատմության մեջ: Մեզ համար այդ հարաբերությունները թանկ են, և ամեն ինչ կանենք, որ դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Այդուհանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք պետք է լուծել այնպես, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի: Եվ այդ կապակցությամբ էլ ես եկել եմ Մոսկվա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով գործընկերոջը Մոսկվայում՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և այցի համար. «Սա Ձեր երկրորդ այցն է վերջին ժամանակաշրջանում: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հարաբերություններն այդքան ինտենսիվորեն զարգանում են գրեթե բոլոր ուղղություններով: Հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, գործարար կառույցների մասով: Ճիշտն ասած, այդ առումով ևս արդյունքը, հուսով եմ, դրական է: Մեզ մոտ տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճն ավելի քան 23 տոկոս է: Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, և այդ միտումը պահպանվում է»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

← Վերադառնալ