Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հանդիպում է ունեցել Կրթության և գիտության նախարարության ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: Կրթության և գիտության նախարարի, փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի զեկույցներից հետո, Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին և պատրաստակամություն հայտնել նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն կրթության և գիտության ոլորտին, այլև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը:
Նախագահը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը: Մինչ այդ, գալիք Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Նախագահը շնորհավորել է Հանրապետության բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրանց հաջողություններից է մեծապես կախված, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում: Անդրադառնալով երեկ Նախագահի նստավայրում հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտների, միջազգային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» մրցույթում, ունիվերսիադայում մրցանակների արժանացած աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի գերակայություններից են: Ոչ պակաս կարևոր, քան զինված ուժերի զարգացումը:
Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մեր երկրում մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:
«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան: Բայց այս ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը պատասխանել է նախարարության ղեկավար անձնակազմին հետաքրքրող տարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրմանը, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ Ժասմենա Արարատյանին և Ժենյա Ղասաբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով, ծննդյան օրվա առիթով շնորհավորել նախարարության աշխատակցուհիներից մեկին:
Հանրապետության Նախագահը նախարարությունում դիտել է նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 2012-2013 ուստարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է այդ քոլեջի շրջանավարտներից մեկի՝ Սամվել Գևորգյանի «Բնանկար» յուղաներկ նկարը: