Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին:
Նախագահը կարևորել և բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ասիական տարածաշրջանում: Բանկի նախագահի տեղակալի կանոնավոր բնույթ կրող այցելությունները Հայաստան, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում են ԱԶԲ-ի հետ մեր երկրի ընդլայնվող հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Սյաոյու Ժաոյի ներկայիս այցը, ինչպես և նախորդները, արդյունավետ կլինի և կխթանի բանկի հետ մեր երկրի արգասաբեր համագործակցության զարգացումը, որն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:
ՀՀ Նախագահը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարևորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության և հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:
Սյաոյու Ժաոն նշել է, որ ԱԶԲ-ն շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և շարունակելու ջանքերը ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսական կայուն աճին նպաստելու ուղղությամբ: