25
06, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առևտրատնտեսական կապերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսության զարգացման միտումներն ու ներդրումային հնարավորությունները:

Ողջույնի խոսքում Նախագահը դրվատանքով է խոսել նաև Լեհաստանի իշխանությունների՝ ի դեմս Նախագահ Կոմորովսկու և լեհ գործարարների մասին, ովքեր, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում մեծ հաջողությունների են հասել և հզորացրել երկիրն իրենց ամենօրյա աշխատանքով:

«Հայ-լեհական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և շուտով մենք կնշենք Լեհաստանում հայկական առաջին բնակավայրերի հիմնադրման հազարամյակը: Դարերի ընթացքում ամրապնդվելով` հայ-լեհական կապերն ընդգրկել են փոխգործակցության բոլոր ոլորտները: Հայերը պայքարել են ոչ միայն հանուն Լեհաստանի անկախության, այլև կարևոր ներդրում են ունեցել Լեհաստանի զարգացման գործում: Պատահական չէ, որ առևտուրն ու արհեստները զարգացնելու նպատակով Լեհաստանի թագավորներն ու իշխանները հրավիրել են հայերին հաստատվել այս երկրի տարբեր բնակավայրերում` տալով նրանց բազմաթիվ արտոնություններ և իրավունքներ:

Այսօր մեր քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները սերում են դարերի ընթացքում ձևավորված հոգևոր և մշակութային ընդհանրություններից, բարեկամությունից և երկկողմ համակրանքից:

Ցավոք, այսօր հայ-լեհական առևտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին: Հենց այս բացը լրացնելու նպատակով է, որ մենք` երկու նախագահներս հանգեցինք գործարար համաժողովներ անցկացնելու գաղափարին` երկու տարի առաջ Երևանում և այսօր այստեղ` Վարշավայում: Պետք է նշեմ, որ արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ` հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության և հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով: Բայց եղածը շատ քիչ է, և ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ:

Հարգարժա՛ն գործարարներ,

Կցանկանայի երկու բառով անդրադառնալ ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին:

Գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր նախադրյալներից է: Այդ իսկ նպատակով վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ` մասնավորապես Հայաստանում ընկերության հիմնադրման, շինարարական թույլտվությունների ստացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման և մի շարք այլ ոլորտներում: Գրանցված արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում, մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես-2012» տարեկան զեկույցում, որի համաձայն Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ տեղը: Թույլ տվեք նկատել, որ դրանով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում:

Այդուհանդերձ, մենք չենք համարում, որ այսքանով ավարտել ենք ներդրումային դաշտն ու գործարարության մթնոլորտը ազատականացնելու և առհասարակ պետական կառավարման համակարգի կատարելագործման մեր ջանքերը: Դեռևս ճանապարհ ունենք անցնելու և անցնում ենք այդ ճանապարհը մասնավորապես մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ:

Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ-ի հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին և դրա մաս կազմող Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին: Այն որակապես նոր և առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում նաև Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը:

ԵՄ-ի հետ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որին անմիջապես հաջորդեց Հայաստանի կողմից ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը: Հաշվի առնելով նաև լեհական «ԼՈՏ» ավիաուղիների շաբաթը 5-անգամյա թռիչքները դեպի Երևան, կարծում եմ, որ վերացված են մեր երկիր այցելելու և ստեղծված հնարավորություններին ինքնուրույն ծանոթանալու բոլոր խոչընդոտները:

Այս ամենին զուգահեռ, կարծում եմ, որ լեհ գործարարների համար հետաքրքրական է իմանալ նաև, որ Հայաստանը, հանդիսանալով ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի անդամ և սերտ համագործակցություն ունենալով Մաքսային միության հետ, մրցակցային առավելություն ունի ԱՊՀ տարածաշրջանում: Սա միանշանակ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրված կապիտալով առավել բարենպաստ պայմաններով ԱՊՀ շուկա դուրս գալու համար:

Քայլեր ենք իրականացնում նաև ենթակառուցվածքների բարելավման և առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուզում եմ առանձնացնել մի շարք ոլորտներ, որոնք, իմ կարծիքով, կարող են ներուժ ունենալ են հայ-լեհական համագործակցության հետագա զարգացման առումով:

Հայաստանում կտրուկ վերելք է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այն ապահովում է բարձր եկամտաբերություն և իսկապես գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: Այդ մասին են վկայում Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են` «Սինոփսիսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մայքրոսոֆթը», «Դ-Լինկը», «Մենթոր Գրաֆիկսը» և այլն:

Արվում է ամեն ինչ ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու և, իհարկե, վերապատրաստելու ուղղությամբ: Իրականացվում է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների» ստեղծման ծրագիրը, վերապատրաստման ծրագրեր են մեկնարկել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում», «Մոբայլ լուծումների» տարածաշրջանային լաբորատորիայում:

2011 թվականից Երևանում գործում է ստեղծարար տեխնոլոգիաների գերժամանակակից «Թումո» կենտրոնը 12-18 տարեկան երեխաների համար, և այժմ ծրագրում ենք ընդլայնել կենտրոնի գործունեությունը նաև հանրապետության մարզերում:

Ավանդական և հայերին համաշխարհային համբավ բերած ոլորտներից են ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Հայկական ոսկեգործական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև` Լեհաստանում: Այժմ լուրջ ծրագրեր ունենք Հայաստանը վերածելու ոսկերչության տարածաշրջանային հարթակի և ինչու չէ, նաև միջազգային կենտրոնի` ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ճանապարհով:

Հայաստանը կարևորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարական մոտեցումների կիրառման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծան մեծ խթան:

Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում` տեխնիկական վերազինման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով:

Կցանկանայինք տեսնել լեհական կապիտալի աճ նաև զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք արդիականացվող, զարգացման մեծ ներուժ ունեցող և պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են:

Հարգարժա՛ն գործարարներ,

Լիահույս եմ, որ այսօր կայացած համաժողովը նպաստելու է մեր գործարարների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը` ի շահ հայ և լեհ ժողովուրդների բարեկեցության։ Մաղթում եմ բոլորիդ հաջողություն և հույս ունեմ շուտով լսել Հայաստանում լեհ գործարարների մեծ հաջողությունների մասին»,-հայ-լեհական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ