Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի հրավերով՝ բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման գործում փորձի փոխանակման և ՀՀ հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ու ՌԴ ազգային բժշկական պալատի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու հայ ժողովրդի մեծ բարեկամ Լեոնիդ Ռոշալին, ում սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ և մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշները մեր ժողովուրդը տեսել է դեռևս 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ընդգծելով, որ բժիշկ Ռոշալն ամբողջ աշխարհում հայտնի է իր մարդասիրական և բարեգործական գործունեությամբ՝ հատկապես արտակարգ իրավիճակներում երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության և, ընդհանուր առմամբ, մանկաբուժության ոլորտի զարգացման գործում իր հետևողականությամբ, Սերժ Սարգսյանն անվանի մանկաբույժի այցը կարևորել է հայ գործընկերների հետ փոխգործակցության խորացման տեսանկյունից:
Լեոնիդ Ռոշալը նշել է, որ Հայաստանում եղել է 1988-ի երկրաշարժի, այնուհետ 90-ական թթ. պատերազմի տարիներին և դրանից հետո ու մինչ այժմ սերտ կապեր է պահպանում Հայաստանի և իր հայ գործընկերների հետ, հիացած է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ապրող և ստեղծագործող հայ ժողովրդի տոկունությամբ, աշխատասիրությամբ ու մտավոր մեծ ներուժով:
Ընդգծելով, որ Ռուսաստանում և Հայաստանում առողջապահության բնագավառի այսօրվա խնդիրները գրեթե նույնն են, ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահը ՀՀ Նախագահի հետ կիսվել է ոլորտի զարգացման հեռանկարի վերաբերյալ իր մտորումներով: