Մամուլի հաղորդագրություններ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է՝ գնալով Երևանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին: