31
05, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, նշելով, որ որպես Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում հիմնադրվեց նախ Շվեյցարիայի դեսպանության գրասենյակը, ապա դեսպանությունը:

Հանրապետության Նախագահը և Շվեյցարիայի դեսպանը երկուստեք գոհունակությամբ են արձանագրել հատկապես վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության նկատելի ակտիվացումը, որն արտահայտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի, միջազգային տարբեր հարթակներում ակտիվ շփումների միջոցով, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերով, Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում որոշակի ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի շուրջ Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող կառուցողական դիրքորոշմամբ:

Դեսպան Կոնստանտին Օբոլենսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրել է մեծագույն հաճույքով, ջերմ հարաբերությունների մթնոլորտում և լավագույն տպավորություններով է հեռանում՝ մնալով հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը:
 

← Վերադառնալ