18
05, 2013

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ, 1963 թվականի մայիսի 20-ին, մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ: «Անկասկած կարելի է ասել, որ մեր շախմատիստների բոլոր հաջողությունները, փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն են կամ՝ արգասիքը»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի շախմատային կազմակերպությունը հասել է հսկայական նվաճումների: Դրանցից Նախագահն ընդգծել և առանձնացրել է մի քանիսը՝ 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականի տղաներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որպեսզի տաղանդավոր այդ շախմատիստները կարողանան դրսևորվել: Սերժ Սարգսյանը խոսել է նաև աղջիկների շախմատի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մասին՝ նշելով, որ, իհարկե, իրենց նվաճումներում աղջիկները դեռևս փոքր-ինչ ետ են մնում տղաներից: Նախագահը հույս է հայտնել, որ աղջիկների հավաքականին ևս կհաջողվի դառնալ չեմպիոն կամ գավաթ նվաճել:

Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաև այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ` որպես պարտադիր առարկա:

Համաժողովի օրակարգի հաստատումից հետո, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շարունակելով ֆեդերացիայի նախագահի խոսքը, ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են Ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները: Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է դրական:

Համաժողովի պատգամավորները քննարկել են հաշվետու զեկույցը, ներկայացրել նաև մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ վերոնշյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքն ու առկա խնդիրները:

Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել և հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև Ֆեդերացիայի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

← Վերադառնալ