Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:
Նախագահը ողջունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին մեր երկրում և գոհունակությամբ փաստել, որ Հայաստան-Եվրոպական միություն երկխոսությունը սահուն ու վերընթաց զարգացում է ապրում, և այդ հարաբերությունների զարգացման գործում, Հանրապետության Նախագահի համոզմամբ, մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է տարբեր առիթներով մինչև այժմ արված հայտարարությունը, որ եվրամերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և դա, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, պատահական չէ, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:
Հանդիպմանը զրուցակիցները եվրոպական ինտեգրացիայի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են նաև քաղաքական ուժերի միջև համագործակցության զարգացումը և ակտիվ փոխշփումները: ՀՀ Նախագահը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերին, այդ թվում՝ հաջողությամբ ընթացող Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ: Հյուրերի խնդրանքով, Հանրապետության Նախագահը ներկայացրել է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումները: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարտին Քալանանը բարձր է գնահատել հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բարձր մակարդակի, ջերմ ընդունելության համար և հաջողություններ մաղթել Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում: