Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փոլ Մայլերը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը` Մոսկվա):
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը և Ավստրալիայի դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Ավստրալիայի հայ համայնքի դերը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին արժեքավոր աջակցության համար: Նախագահը բարձր է գնահատել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրալիական փոխգործակցությունը:
Դեսպան Փոլ Մայլերը վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանը: