27
04, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ուկրաինացի պատմաբան-հայագետ Իրինա Գայուկին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին և հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը և շնորհակալություն հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է տկն. Գայուկն Ուկրաինայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանում նշված փաստերի միջոցով հայ-ուկրաինական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը, Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը համակողմանիորեն ներկայացնելու ուղղությամբ մասնագիտական բարձր որակով ու նվիրումով արված աշխատանքը: Նկատի առնելով այս ամենը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Իրինա Յակովի Գայուկին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Հանրապետության Նախագահը շնորհավորել է տկն. Գայուկին՝ Հայաստանի պետական բարձր պարգևի արժանանալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

Իրինա Գայուկը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ հաճույքով է իրականացնում իր աշխատանքը և մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի ու նրա դարավոր պատմության և մշակույթի նկատմամբ: Ուկրաինացի պատմաբան-հայագետը նշել է, որ դեռևս շատ աշխատանք ունի իրականացնելու և շարունակելու է իր հնարավորությունների չափով նպաստել աշխարհին հայոց մշակութային ժառանգությունն ու պատմությունը ներկայացնելու կարևոր գործին:
 

← Վերադառնալ