26
04, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիները բավականին արդյունավետ են եղել Հայաստանի դաշնակից և հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման ու բոլոր բնագավառներում համագործակցության խորացման առումով, ինչի վկայությունն են ՌԴ նախագահի հետ այդ ժամանակահատվածում իր ունեցած գրեթե հինգ տասնյակ հանդիպումները, տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, այդ թվում՝ երկու պետական այցերը, ինչպես նաև ստորագրված կարևորագույն մի շարք փաստաթղթերը: Այդ ամենը, ըստ Հանրապետության Նախագահի, երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացրել: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունները պահպանելու և շարունակաբար խորացնելու գործում, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների շահերից:

ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար: Նա նշել է, որ ամփոփելով անցած տարիների աշխատանքը, ինքն էլ որոշակի բավարարվածության զգացումով է հեռանում Հայաստանից և հպարտ է, որ կարողացել է իր գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Վյաչեսլավ Կովալենկոն վստահեցրել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և հնարավորության սահմաններում իր նպաստը կբերի Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության առավել ամրապնդմանը:
 

← Վերադառնալ