09
04, 2013

ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք

Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

 

Վեհափա՛ռ Տեր,
Սիրելի՛ բարեկամներ,

Խորին շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանելու և իմ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Այսօր հայկական քսաներկուամյա վերածնված պետականության կարևոր իրադարձություններից մեկի բերկրանքը կիսում են մեզ հետ մեր բարեկամները, և ես դրանում մեծ խորհուրդ եմ տեսնում:

Քաղաքականության ամենահայտնի ասույթներից մեկը հռչակում է` չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական շահեր: Լիովին համամիտ եմ առաջին պնդմանը` իրավամբ չի կարող բանական մարդկանց թշնամությունը լինել հավերժ: Միամիտ չեմ թերագնահատելու նաև շահերի մասին վերջին պնդումը: Սակայն ես հավատում եմ հարատև բարեկամությանը: Ես հավատում եմ մարդկանց, ազգերի, ժողովուրդների, երկրների բարեկամությանը: Ապացույցները պետք չէ հեռվում փնտրել, դրանք այստեղ են` մեր ժողովրդի պատմության էջերում:

Ես վստահ եմ, որ հարյուր տարի առաջ հայ որբերին փրկած միսիոները և քառորդ դար առաջ ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնած բարեգործը նույն արմատից են ծնվել: Մեկ դար առաջ կործանումից փրկված իմ հայրենակիցներին ապաստան տրամադրող երկրի պաշտոնյան և այսօր, այս դահլիճում այդ երկրից ներկա հյուրը, որը մեզ հետ նշում է մեր վերականգնված պետականության ամրապնդման հերթական ուղենիշը, սնվում են նույն արժեքային համակարգից, որի հիմքում են մարդասիրությունն ու բարեկամությունը: Եվ ես համոզված եմ, եթե երկրագունդը չշեղվի իր առանցքից, մեր սերունդներն էլ շարունակելու են ապրել նույն արժեքներով և կիսել նույն բարեկամությունը: Սա նաև պարտավորեցնող է յուրաքանչյուրիս համար, առավել ևս պետական այրերի, քանզի մեր հայրերի ու պապերի պատգամն է, որ պետք է փոխանցենք գալիք սերունդներին:

Ձեր ներկայությունը նաև յուրօրինակ հավաստումն է առ այն, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը ճիշտ հունով է ընթանում:

Ես գիտակցաբար չեմ ուզում նշել անուններ ու երկրներ, դաշինքներ ու միություններ: Փոխարենը ցանկանում եմ վստահեցնել՝ մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ և վստահելի ողջ աշխարհի մեր բոլոր բարեկամների համար` հյուսիսում թե արևմուտքում, հարավում թե արևելքում:

Մենք հավատարիմ ենք մնալու նաև ոչ բարեկամ երկրների հանդեպ մեր քաղաքականությանը` միշտ պատրաստ խաղաղ, բանակցային ու տրամաբանական լուծումներ գտնելու, միշտ պատրաստ հաշտության ձեռք մեկնելու, բայց նաև միշտ պատրաստ պաշտպանելու մեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների անդորրն ու անվտանգությունը:

Համոզված եմ, որ վեճերի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհն այլընտրանք չունի: Հայկական կողմը նախապայմաններ չի սիրում, չի առաջադրում, բայց չի էլ ընդունում: Առավել ևս չենք ընկնելու սպառնալիքներին սպառնալիքով պատասխանելու կործանարար ծուղակը: Մենք խաղաղություն ենք ուզում, որովհետև վստահ ենք մեր ուժերին: Մեր կեցվածքի և մեր քաղաքականության վկայությունը մեր քայլերն են:

Հայաստանը շնորհակալ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի խաղաղ հանգուցալուծման ճանապարհի անխոնջ որոնման գործում հետևողական ջանքերի համար:

Մենք շարունակելու ենք մեր երկրի բարեփոխման, այն ավելի անվտանգ, մրցունակ և ժողովրդավար դարձնելու, օրենքի գերակայության և մարդու իրավունքների լիարժեք ապահովման մեր ծրագրերը: Հայաստանի դեպքում այդ ուղին այլընտրանք չունի, քանի որ դա է մեր ժողովրդի պահանջն ու ակնկալիքը, դա է բխում մեր ժողովրդի արժեհամակարգից:

Առաջիկա հինգ տարիները լինելու են հանուն ավելի ազատ, ավելի ապահով ու բարեկեցիկ Հայաստանի համար պայքարի տարիներ: Մենք իրականացնելու ենք այն համարձակ տնտեսական և սոցիալական ծրագրերը, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված էինք դանդաղեցնել:

Մենք խորացնելու ենք մեր ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում և մասնակցելու ենք նոր ձևաչափերի ստեղծմանը: Հայաստանի տնտեսությունը պետք է ինտեգրված լինի գլոբալ շուկաներին, պետք է լինի մրցունակ և գրավիչ ներդրումների համար:

Հայաստանը առաջիկայում ևս պատվով իր համեստ ներդրումն է բերելու միջազգային խաղաղապահ ջանքերին, սոցիալական չարիքների դեմ պայքարին, ցեղասպանությունների կանխարգելման գործին:

Հուսով եմ, որ, ինչպես և նախկինում, այս ամենն անելու ենք մեր գործընկեր պետությունների աջակցությամբ և սերտ փոխգործակցությամբ:

Մեր նախաձեռնություններում մենք մեծապես ապավինում ենք մեր ժողորդի ստեղծարար ներուժին և աշխատասիրությանը: Հայորդիները աշխարհով մեկ ևս աչքի են ընկնում հենց այդ հատկանիշների շնորհիվ և դրանցով են հաջողությունների հասել տարբեր երկրներում: Լինելով իրենց երկրների լավ քաղաքացիներ՝ նրանք ակտիվ մասնակցությունն են բերել և բերում պատմական հայրենիքի՝ Հայաստանի զարգացման գործին, ինչը մեզ կրկնակի ուժեղացնում է:

Գալիք տարիներին մենք ունենալու ենք եզակի հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր պետության զարգացումը, Հայաստանը դարձնելու երկիր, որի հետ բարեկամություն անելը, պատվաբեր լինելուն զուգահեռ, դառնալու է նաև խիստ շահավետ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս միջոցառումներին ձեր մասնակցության համար կրկին շնորհակալություն հայտնելով՝ առաջարկում եմ, որ բաժակ բարձրացնենք հանուն մեր երկրների բարեկամության:

Թո՛ղ Աստված պահպանի մեր ժողովուրդներին և մեր բարեկամությունը:

Շնորհակալություն:

 

← Վերադառնալ