Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը մինչ կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնելը, շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ իր և իր գլխավորած կառավարության, ինչպես և ցանկացած քաղաքական-պետական գործչի համար, մեծ պատասխանատվություն և երջանկություն է բարձր պաշտոններում ծառայել սեփական ժողովրդին, աշխատել ՀՀ նախագահի հետ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանրապետության նախագահի քաղաքական ղեկավարության ներքո համատեղ աշխատանքի անցած տարիներին թիմը նվիրումով է աշխատել և փորձել է կատարել Նախագահի կողմից իր առջև դրված բոլոր հանձնարարականները: «Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաև բացթողումներ և սխալներ: Պարո՛ն Նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է. Ձեր անցած ուղին, Ձեր փորձը և գիտելիքները, Ձեր մարդկային հատկանիշներն այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է, և մենք ունենալու ենք նոր վերելքներ և նոր հաղթանակներ»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել հրաժարական ներկայացրած կառավարության անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նրանք ակնհայտորեն աշխատել են բարդ պայմաններում, լուծել շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դիմագրավել մարտահրավերները, ինչը պատիվ է բերում. «Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև ձեր խոր ծերություն, որովհետև կոչումը՝ ծառայել, ժամանակավոր չի լինում, որովհետև ծառայել՝ ձեզ համար, բոլորիս համար, նշանակում է ապրել: Շնորհակալ եմ և ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի՝ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջև դրված խնդիրները, իսկ այդ խնդիրները բազմազան են: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: