06
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին և հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում: Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամմերթիի համոզմամբ, ավանդաբար լավ և բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք և լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար: Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ և քաջալերող է համարել:

 

← Վերադառնալ