Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը:
«Հարգելի Նախագահ Սարգսյան,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:
Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:
Միացյալ Թագավորությունն ու Հայաստանն ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:
Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների»,-ասված է Միացյալ Թագավորության վարչապետի շնորհավորական ուղերձում: