Մամուլի հաղորդագրություններ
Տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի ամփոփիչ նիստը
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին, հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցել են նաև հոբելյանական ծրագրում ներգրավված պետական կառույցների, ստեղծագործական միությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:
Մինչ հանձնաժողովի նիստը, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում, ծանոթացել շենքի վերանորոգման աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկել դեռևս առկա խնդիրները: Հանրապետության ղեկավարը եղել է գրադարանի արդիականացված ընթերցասրահում և դահլիճներում, դիտել նաև գրադարանում այսօր բացված՝ գրքին նվիրված ցուցահանդեսները, ունկնդրել «Լույս» երգչախմբի փոքրիկ համերգային ծրագիրը:
Այնուհետև գրադարանի նիստերի նոր դահլիճում տեղի է ունեցել հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Երբ 2008թ. ձևավորվեց հանձնաժողովը, այն նպատակ ուներ ոչ միայն հանրահռչակելու հայ գիրքն արտերկրում, այլ, առաջին հերթին, ամրագրելու հայ գրքի ունեցած դերը մեր կյանքում, դերը մեր պատմության քառուղիներում, զարգացնելու և ընդլայնելու գրքի ու գրականության բնագավառի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ գրադարանները, հրատարակչական ու գրավաճառ դաշտը: Օրինակը մենք մեր աչքերով տեսնում ենք, թեև այս հարցում, իհարկե, եղան թերություններ, եղան խնդիրներ, բայց մենք ավարտին ենք հասցնելու Ազգային գրադարանի վերակառուցման ամբողջական ծրագիրը: Կառավարությունը խոստացավ և տեսանելի ապագայում մեր քննարկմանը կներկայացնի ծրագրի հիմնական բաղադրիչները՝ լուծման տարբերակները և ֆինանսավորման մոտավոր չափը: Եվ եթե մենք մեկ-երկու տարում չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել ամբողջությամբ, ապա ժամանակացույց կսահմանենք: Արդյունքում՝ մենք ունենալու ենք ժամանակակից Ազգային գրադարան:
Հոբելյանական տարվա ընթացքում ես մասնակցել եմ բազմաթիվ միջոցառումների, մասնավորապես՝ Ժնևի գրքի տոնավաճառին, որտեղ Հայաստանը ներկայացել էր պատվավոր հյուրի կարգավիճակով, միջազգային հնչեղություն ստացած Վենետիկի «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, Զմմառի միաբանության ցուցահանդեսին և, բնականաբար, Երևանում Գրքի մայրաքաղաքի բացման ու փակման արարողություններին: Այդ իրադարձություններին հետևելու արդյունքում եկել եմ այն կարևոր եզրահանգմանը, որ գրքին նվիրված այս բոլոր միջոցառումները չսահմանափակվեցին հոբելյանական ծրագրի շրջանակներում: Իր ձևաչափով, մոտեցումներով, թիրախային խմբերով և արդյունքներով այն դարձավ ամբողջական, նպատակային ծրագիր: Մեր առջև դրված խնդիրը՝ բարձրացնել գրողի դերը, գնահատել ու արժևորել նրա կատարած աշխատանքը, ինչպես նաև այդ աշխատանքը հասցնել ընթերցողին, այսինքն՝ ապահովել գրող-ընթերցող կապը, կարծում եմ, ստացել է որոշակի լուծում: Վերապահումով եմ ասում, որովհետև, նորից եմ կրկնում, խնդիրներ կային, որոնք չկարողացանք մինչև վերջ լուծել: Դրանք լուծելի են, և այն, ինչ ասացի՝ այս ծրագրի շրջանակներում լուծելու ենք: Կարծում եմ նաև, գրադարանը գրողների, ընթերցողների համար կարևոր ենթակառուցվածք է, որին մենք պետք է կարողանանք տալ ժամանակակից տեսք, հարմարավետություն և օգտվելու համար լայն հնարավորություններ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նիստի մասնակիցներին իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը փոխանցելուց հետո, ելույթ է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Այնուհետև գրատպության 500-ամյակի հոբելյանական տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մասին հիմնական ամփոփիչ զեկույցով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ու հոբելյանական ծրագրի նախագծերում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հաշվետվությունները:
Հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նիստի ավարտին շնորհակալություն է հայտնել ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների բոլոր մասնակիցներին ու աջակիցներին, ընդգծելով, որ Հայաստանը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ աշխարհին և հպարտությամբ նշել մի տոն, որը քիչ ժողովուրդների է հասու: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հոբելյանական միջոցառումների ավարտով չեն դադարելու և շարունակվելու են առաջ մղվել գրքի, գրատպության, ընդհանրապես՝ մեր ազգային հարստության պահպանման ու հանրահռչակման հետ կապված բոլոր աշխատանքները: