19
01, 2013

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին

 

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով:

 

***

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին

 

Հարգելի՛ պարոն Իլյումժինով,
ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Ծաղկաձորում: Մեծ հաճույքով մեր ժողովրդի անունից բոլորիդ ասում եմ, որ բարով եք եկել Հայաստան:

Այս հաճելի պարտականությունը կատարում եմ կրկնակի պատասխանատվությամբ՝ և՛ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, և՛ որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Հայաստանը արդեն տարիներ շարունակ աշխարհին ներկայանում է շախմատի հանդեպ իր մեծ սիրով ու նվիրումով: Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնությունում Հայաստանին հաղթանակ պարգևած մեր թիմը բաղկացած է մեր երկրի իսկական աստղերից: Հայաստանում ֆուտբոլիստները ևս փորձում են իրենց համբավով հավասարվել շախմատիստներին: Մեր շախմատիստները օրինակ են ծառայում մեր երեխաներին, ովքեր այս իմաստուն խաղի հիմունքներին ծանոթանում են հանրակրթական դպրոցներում:

Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ է և գիտություն: Շախմատը զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի կողմից, և անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու երկարաժամկետ հաշվարկի մշակույթ: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Վերջապես, շախմատը ընդհանուր լեզու և մշակույթ է միլիոնավոր մարդկանց համար՝ անկախ նրանց ազգությունից, լեզվից, կրոնից և մաշկի գույնից: Ահա, թե ինչու մենք ուշադրություն ենք դարձնում շախմատին, և ինչպես արդեն նշվեց, այն դարձել է պարտադիր դասավանդման առարկա մեր դպրոցներում:

Շախմատը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության լավագույն միջոցներից է: Մեր պարտականությունն է փայփայել և տարածել շախմատի ավանդույթը: Դա մեծ ներդրում կլինի ավելի լավ աշխարհ կառուցելու ճանապարհին:

Հարգելի՛ բարեկամներ,

Օգտվելով առիթից՝ մեր արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին և նախագահական խորհրդի բոլոր անդամներին:

Մենք խորապես բավարարված ենք ՖԻԴԵ-ի հետ մեր համագործակցությամբ: Անկեղծորեն ցանկանում ենք շարունակել և խորացնել այն: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ հրավերն ընդունելու և Հայաստան գալու համար: Շատ շնորհակալ եմ, և մենք պատրաստ ենք ստեղծելու բոլորիդ համար աշխատանքային լավագույն պայմաններ:
 

← Վերադառնալ