Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային ՀԿ-ի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին:
Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի և իրավունքների պաշտպանման գործընթացին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսևորել իրատես և պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:
Արևմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն և անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում իբրև ոչ կառավարական կազմակերպություն: