20
12, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սիրիահայ գործարարների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան տեղափոխված տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ մի շարք գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի և Էկոնոմիկայի նախարարները, ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահը, պետական մարմինների այլ պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում Նախագահը նշել է, որ տեղյակ է մինչ այժմ Հայաստանի տարբեր պետական հաստատություններում սիրիահայ գործարարների ունեցած հանդիպումների մասին, այդուհանդերձ, նպատակահարմար է համարել անձամբ հանդիպել նրանց և անմիջականորեն ու ևս մեկ անգամ ներկայացնել տարբեր առիթներով հնչեցրած մեր երկրի մոտեցումները Սիրիայում ստեղծված իրավիճակի, սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ, նաև գործարարներից լսել իրենց ծրագրերի, առաջարկությունների, մտահոգող խնդիրների մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Գործարարները ՀՀ նախագահից հետաքրքրվել են Սիրիայից իրենց բիզնեսները Հայաստան տեղափոխելու կամ Հայրենիքում նոր գործ սկսելու հնարավորությունների, Հայաստանի տնտեսական վիճակի, ներդրումային միջավայրի և առկա խնդիրների վերաբերյալ: Գործարարների կողմից բարձրացված մի շարք հարցերի լուծման վերաբերյալ Հանրապետության նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան պետական մարմիններին և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս նրանց աջակցությանն ուղղված ցանկացած առաջարկ քննարկելու:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հորդորել է սիրիացի մեր հայրենակիցներին՝ շնորհակալություն չհայտնել ցուցաբերվող աջակցության և հոգածության համար, քանի որ դա Հայաստանի իշխանությունների պարտականությունն է: «Հայաստանում ինչպիսի իշխանություններ էլ լինեն, բոլորն էլ այս խնդիրներին հոգատարությամբ կվերաբերեն: Այստեղ որևէ կասկած չկա: Այլ կերպ լինել չի կարող, ուղղակի չի՛ կարող: Դա Հայաստանի իշխանությունների պարտականությունն է, և որքան լավ կատարենք մեր պարտքը, մեր պարտականությունը, այնքան բոլորիս համար էլ լավ կլինի: Մի համարեք, որ ձեզ լավություն են անում: Գոնե, նվազագույնը բոլորը պարտավոր են անել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում երբևէ կարող են իշխանություններ լինել, որ այդ նվազագույնն էլ չանեն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և կոչ արել չհուսահատվել ու փորձել միասին դիմակայել այն փորձությանն ու դժվարություններին, որոնց միջով անցնում են Սիրիայի մեր հայրենակիցները: «Մենք այդպիսի ճանապարհով վերջին 20-25 տարիների ընթացքում անցել ենք, անցել ենք շատ ավելի ցավոտ ճանապարհներով: Ամեն ինչ լավ է լինելու: Եվ յուրաքանչյուրը, ով կմնա կամ չի մնա Հայաստանում, միևնույն է, որքան հնարավորություն ունենք, օգնելու, օժանդակելու ենք»,-ասել է ՀՀ նախագահը:

Հանրապետության ղեկավարը սիրիացի մեր բոլոր հայրենակիցներին մաղթել է համբերություն և կամք՝ բերելով նաև սեփական փորձն ու արցախյան ազատամարտի դժվարություններով անցած իր և շատ այլ ընտանիքների օրինակը: «Այս փորձությունն էլ է անցնելու, պետք է կարողանալ մեր ժողովրդին յուրահատուկ կամք ցուցադրել և ցուցաբերել, իսկ մենք՝ ձեզ բոլորիդ օգնական»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


 

← Վերադառնալ