11
12, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Պրիիտ Տուրկը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը և պատրաստ է փոխշահավետ հիմունքներով առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:
 

← Վերադառնալ