Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին, Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: