Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:
Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել են, որ մի շարք ոլորտներում կա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների հաճախակիացումն ու շփումները, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Սերժ Սարգսյանը և Վլադ Ֆիլատը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն են համարել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում, միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: