27
11, 2012

Սերժ Սարգսյանն այցելել է Զմմառի հայ հոգևոր, մշակութային համալիր

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ նոյեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, այցելել հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառ և հանդիպում ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Նախագահը Զմմառում մասնակցել է «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այցելել ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակների, լուսավորության, մշակութային զարթոնքի, ինչպես նաև ֆիզիկական գոյության պայքարի՝ մաքառումներով լի էջեր: Անշուշտ, գոյատևման պայքարն ինքնին հերոսական է: Բայց համակվում ես հպարտության զգացումով, երբ գիտակցում ես, որ հայը ամենուր կարողացել է ստեղծել բարիք ու արժեքներ: Էջմիածնում թե Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Երուսաղեմում, Վիեննայում, թե լիբանանյան այս գողտրիկ անկյունում, հայ ժողովուրդը մշտապես դրսևորել է արարելու իր աննկուն հատկանիշը»,-Զմմառում մշակութային կենտրոնի բացման ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի խոսքով, Զմմառում կուտակված հայ ձեռագիր մատյանները խոսուն վկայությունն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության: «Զմմառի միաբանությունը, Մատենադարանն ու Սփյուռքի նախարարությունը գովելի նախաձեռնությամբ են հանդես եկել՝ ուսումնասիրել ձեռագիր մատյանները, սրբել դարավոր փոշին, վեր հանել մեր ազգի մտքի արգասիքն ու լույս սփռել անցյալի մեր էջերի վրա: Մենք պետականորեն կշարունակենք օժանդակել, որպեսզի ամբողջապես մշակվի այս հսկայածավալ նյութը և ծառայի ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ համայն մարդկությանը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ