Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին:
Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի և տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել մրցանակի արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին:
Մրցանակի հանձնման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Սինափթիքս» ընկերության
պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին ՏՏ ոլորտում
համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ
Հարգելի՛ պարոն Ֆաջին և տիկի՛ն Ֆաջին,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երևանում «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, նշանավոր ճարտարագետ պարոն Ֆեդերիկո Ֆաջինին:
Պատվավոր հյուրերին բարի գալուստ մաղթելը պետության ղեկավարի հաճելի պարտականություններից մեկն է: Հենց այդտեղ էլ այդ հեշտ ու հաճելի մասը շատ արագ ավարտվում է՝ իր տեղը զիջելով սովորաբար փակ դռների հետևում անցկացվող քաղաքական քննարկումներին:
Այդպիսին չի այս դեպքը: Մեր հյուրը մեծ գիտնական է, որի ժամանումը կապված է նրա ստեղծագործական վաստակի ճանաչման հետ: Այսօր Երևանում պարոն Ֆեդերիկո Ֆաջինին ենք շնորհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:
Պարոն Ֆաջինը հայտնի է որպես բազմաթիվ նորարարական գաղափարների հեղինակ: Սակայն նրա անունը ընդմիշտ ոսկե տառերով գրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման պատմության մեջ՝ որպես առաջին միկրոպրոցեսորների նախագծման և զարգացման աշխատանքների գործընթացի ղեկավար:
Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության ինքնատիպ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Այս մրցանակով մենք պատվում ենք պարոն Ֆաջինին և նրա գործընկերներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գիտելիքն ամենուր մատչելի դարձնելու համար: Համակարգիչներն ու համացանցն իսկապես լուրջ առաջընթաց են ապահովում ամբողջ մարդկության համար՝ խթանելով գիտության տարածումը, ուստի և՝ զարգացումն ու բարեկեցությունը:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս մրցանակի նպատակն է խթանել այդ առաջընթացը և, ամենակարևորը, սևեռել երիտասարդության ուշադրությունը տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների ոլորտի լայն հնարավորությունների վրա: Մենք դա արել ենք, անում ենք և անելու ենք՝ փորձելով ամենավաղ հասակից բացահայտել երեխաների ստեղծագործական տաղանդը:
Ես վստահ եմ, որ դա Հայաստանի զարգացմանը նպաստող ամենաճիշտ ճանապարհն է: Միայն մեր երեխաներին լուրջ կրթության տալու միջոցով մենք կարող ենք ապահովել մեր երկրի արժանի տեղը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
Մեր որոշ հարևաններ պատեհ և անպատեհ առիթներով շատ են խոսում մեզ մեկուսացնելու, տնտեսական զարգացում ենթադրող ծրագրերից մեզ դուրս թողնելու մասին: Սակայն իրականում նրանք հենց իրենց հասարակությունն են մեկուսացնում: Քարոզում են պատերազմ և այլատյացություն: Արգելափակում են խոսքի և տեղեկատվության ազատությունը: Համացանցը, սոցիալական ցանցերը պատկերացնում են միայն որպես ատելության, ստի ու հոխորտանքի տարածման միջոց՝ շատ չտարբերելով դրանք քնած մարդուն սպանող կացնից: Եվ դեռ ժամանակը ցույց կտա, թե ում են վնասում և որտեղ են ավերներ գործում իրենց՝ խանական ոճի նման քաղաքականությամբ:
Կրթված սերունդ դաստիարակելու, մասնագիտական ոլորտներում գերազանցություն ձեռք բերելու միջոցով մենք ենք կերտում Հայաստանի ապագան: Վաղվա Հայաստանը շատ ավելի լավն է լինելու, քան այսօր է, և այդ նոր Հայաստանը կայանալու է այն բոլոր ներդրումների շնորհիվ, որոնք մենք այսօր կատարում ենք մեր ամենամեծ հարստության՝ մարդու մեջ: Մենք փառաբանում ենք պարոն Ֆաջինի պես պայծառ մարդկանց՝ իբրև ուղեցույց մեր զավակներին, թե ինչպես պետք է ապրել ու գործել:
Ընդամենը մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակ է անցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումից ի վեր: Այսօր արդեն այդ կենտրոնը շեշտակի ընդլայնում և ընդարձակում է իր գործունեությունը՝ ներգրավելով նորանոր երեխաների: Այնտեղ ստեղծվել են պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան հատուկ կրթություն ստանալ: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ այդ երեխաներին հնարավորություն է տրվել իրենց դրսևորելու՝ անկախ իրենց ընտանիքների սոցիալական վիճակից:
Սա տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում մեր բռնած երկար ճանապարհի ընդամենը առաջին հատվածն է: Այս ոլորտում մեր առաջընթացն ու զարգացումը անշեղ և վերընթաց է լինելու:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ պարոն Ֆաջին,
Մեր ժողովրդի տաղանդի շնորհիվ և մեր բարեկամների աջակցությամբ մենք պատրաստվում ենք առաջատար դիրքեր զբաղեցնելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Վստահ եմ, որ այդ ճանապարհին դուք, պարո՛ն Ֆաջին, միշտ լինելու եք մեր կողքին:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք՝ մեզ հետ: Հուսով եմ, որ այս կարճատև այցի ընթացքում Դուք կկարողանաք ծանոթանալ նաև մեր երկրին ու մեր մշակույթին: Իսկ մենք միշտ ուրախ ենք հանդիպելու մեր բարեկամներին և ջերմությունը մեր սրտերում՝ սպասում ենք նրանց նոր այցելություններին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի վերաբերյալ
Ֆեդերիկո Ֆաջինը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, իսկ երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն:
Այս տարվա մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: