Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի Ժան-Մարկ Էրոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ:
Հանրապետության նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ Հանրապետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է համարել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և առևտրաշրջանառության աճը: Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:
ՀՀ նախագահը և Ֆրանսիայի վարչապետը խոսել են Հայաստանում անցյալ տարվանից գործող «Հայ-ֆրանսիական գործարար ակումբի» կարևորության և դրա գործունեության հետագա ընդլայնման շուրջ, միաժամանակ բարձր են գնահատել Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության՝ առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը գյուղատնտեսության, մասնավոր հատվածի զարգացման, ջրային տնտեսության ոլորտներում:
Մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:
Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, մեր երկրի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման և Հայաստանի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:
Սերժ Սարգսյանն ու Ժան-Մարկ Էրոն խոսել են նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային և կրթական կապերի հետագա խորացման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցում ֆրանսիական հնարավոր օժանդակության մասին: