Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Մաջիդ Նամջուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ իր խորին համոզմամբ, հանձնաժողովը մեծ դերակատարություն ունի երկու երկրների միջև բոլոր ոլորտներում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային, համագործակցությունը զարգացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հարևան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում, որը կնպաստի նաև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճին: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջընթաց են ապրում, և համագործակցության օրինակների շարքը շուտով կհամալրի Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ հանձնաժողովի երևանյան նիստը հաջող ընթացք է ունեցել, և երկկողմ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են հատկապես էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը: Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ որպես միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում առանցքային նախագծերի իրականացումն առաջ մղելու գործում: