16
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:

Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, և համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները:

ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երևանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման և վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:

 

← Վերադառնալ